Armenia's Cultural Venues
Discover the prestigious theaters, opera houses, and cultural centers that make Armenia a beacon of arts and culture in the region.
Browse All EventsOur Cultural Venues
Basketball Federation of Armenia
Yerevan,
The Basketball Federation of Armenia was founded in 1989 in Yerevan. Since 1992 has been a member of the International Basketball Federation (FIBA). The founding president is Hrant Vardanyan (1989-2002). 2002-2006 Aristakes Navasardyan presided. In 2006, Hrachya Rostomyan was elected as the president, who still manages the activities of the federation.
Հ. Թումանյանի պետական տիկնիկային թատրոն
Yerevan,
Երևանի Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935 թ. հունիսի 1-ին և գործել Պատանի հանդիսատեսի թատրոնին կից։ Հիմնադիրներն էին բեմադրիչ Սոֆյա Բեջանյանը, նկարիչ Գևորգ Առաքելյանը, դերասաններ Պավլոս Բորոյանը և Արաքսյա Արաբյանը: 1975 թ. թատրոնը տեղափոխվում է իր ներկայիս շենք, որը գտնվում է Սայաթ-Նովա 4 հասցեում: 1998թ.-ից թատրոնի տնօրենն է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը: Նա հեղինակ է մի շարք բեմադրությունների` փոքրերի և մեծահասակների համար: Թատրոնին կից գործում է հիմնադիր Պ. Բորոյանի անունը կրող, Հայաստանում միակ թատերական տիկնիկների թանգարանը: Թատրոնը հանդիսանում է UNIMA-ի անդամ: 2022թ.-ից ի վեր թատրոնի տնօրենն է Արտաշես Բաբայանը։ Թատրոնի խաղացանկում կա 50-ից ավելի ներկայացում։ Թատրոնը տարեկան ունենում է մոտ 100.000 հանդիսատես և ցուցադրում է ավելի քան 500 ներկայացում տարբեր ժանրերում՝ ստվերային տիկնիկային ներկայացումներից մինչև ժամանակակից պարային ներկայացումներ, ինչպես նաև իրականացնում բազմաթիվ մշակութային միջոցառումներ ՝ ցուցահանդեսներ, երաժշտական համերգներ, փառատոններ, կրթական ծրագրեր և այլն: Թատրոնի առաքելությունն է լինել մանուկ և երիտասարդ սերնդի մշակութային կողմնորոշիչը՝ ապահովելով մշակութային կրթության առաջին և հիմնավոր քայլերը։
Երևանի Կամերային թատրոն
Yerevan,
Երևանի Կամերային թատրոնը պաշտոնապես բացվել է 1981թ.-ի դեկտեմբերի 15-ին։ Սակայն թատերախումբն արդեն վաղուց հայտնի էր ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս՝ որպես Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի «Ուրախների և հնարամիտների ակումբ» (ՈւՀԱ), թիմի կապիտան՝ Ա. Երնջակյան։ Թիմը դարձավ Երևանի առաջին հաղթողը և առաջինը ներկայացրեց Հայաստանը՝ Մոսկվայում կայացած ՈւՀԱ-ի Համամիութենական խաղերում (1971-1972թթ.)։ Ավելի ուշ, ՈւՀԱ-ի թիմի հիման վրա ստեղծվեց «Տղամարդկանց ակումբ»-ը, որի թատերախաղերը ներկայացվում էին Երևանի, Նովոսիբիրսկի, Կրասնոյարսկի և շատ այլ բեմերում։ Միաժամանակ ստեղծագործական խումբը սեփական ուժերով վերակառուցում էր թատրոնի համար հատկացված, Երևանի կենտրոնում գտնվող շենքերից մեկը։ Եվ արդեն 1981թ.-ին թատրոնն ուներ հարմարավետ շենք և թատերախումբ, որն ընդունակ էր լուծելու ամենաբարդ ստեղծագործական խնդիրներ, իսկ խաղացանկում՝ հանդիսատեսին արդեն քաջ հայտնի մի շարք ներկայացումներ։ 1983թ.-ին հիմնվեց Կամերային թատրոնի ջազ-տրիոն՝ Արտաշես Քարթալյանի գլխավորությամբ, որի երաժշտությամբ համեմվում էին թատրոնի ներկայացումները։ Կամերային թատրոնի ներկայացումների ստեղծագործական հիմքում ընկած է Արա Երնջակյանի կողմից մշակված Նույնականացման Համակարգը։ Այդ մեթոդի էությունն է՝ բեմի և հանդիսատեսի միջև ստեղծված կատարյալ ու բնական կապը, որն ընկած է բուն թատերագրության հիմքում։ Հանդիսատեսը պասիվ հայեցողից դառնում է ներկայացման ակտիվ մասնակից։ Կամերային թատրոնի գործունեության ընթացքում բեմադրված բազմաթիվ ներկայացումները հանդիսատեսի մոտ մեծ հաջողություն են վայելում։ Այստեղ իրենց ստեղծագործական ուղին են սկսել շատ անվանի դերասաններ, ռեժիսորներ, երաժիշտներ։ Իր ստեղծման տարիներից ի վեր Երևանի Կամերային թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանի մի շարք քաղաքներում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կիևում, Ռիգայում, Տալլինում, Սան Ֆրանցիսկոյում, Լոս Անջելեսում, Հալեպում, Նանտում և այլուր։ Այն Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Գերմանիայում և աշխարհի այլ երկրներում կայացած բազմաթիվ միջազգային թատերական փառատոների դափնեկիր է։ Կամերային թատրոնի ստեղծման առաջին իսկ տարիներից, Արա Երնջակյանի և ստեղծագործական կոլեկտիվի նպատակն էր` դուրս գալով զուտ թատերական գործունեության շրջանակներից, ձևավորել մշակութային համալիր։ Բավական է նշել կինոսրահը, Fe-Պատկերասրահը (1994թ.), «Միսս Հայաստան» գեղեցկության և նրբագեղության մրցույթը (1996-2000թթ.), «ԵրԿաթ TV», «ՅԱՆ TV» հեռուստաընկերությունները, «ԵՐԿԱԹ» մշակութային ակումբը և շատ այլ ստեղծագործական նախագծեր։ Կամերային թատրոնի ուժերով նկարահանվել են մի քանի լիամետրաժ գեղարվեստական ֆիլմեր։ Ներկայումս էլ Երևանի Կամերային թատրոնը շարունակում է մնալ՝ հանդիսատեսի մոտ կենդանի հետաքրքրություն առաջացնող նոր մտահղացումների և թատերական պրոյեկտների հեղինակ։
Հ. Ղափլանյանի անվ. Դրամատիկական թատրոն
Yerevan,
Շուրջ 2000-ամյա հայ թատրոնը քսաներորդ դարում առաջին անգամ նշանավորվեց պետական հոգածության դրսևորմամբ, որի ակնառու արտահայտությունն է նաև մեծանուն ռեժիսորներից մեկի` Հրաչյա Ղափլանյանի կողմից 1967 թվականին հիմնադրված Երևանի Դրամատիկական թատրոնը` Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո: Անցած գրեթե հիսուն տարիներին թատրոնը ձեռք բերեց լայն համալրում` մայր հայրենիքում, նախկին Խորհրդային միությունում և համատարած հայ սփյուռքում: Թատրոնը ունեցել է և ունի հյուրախաղային մեծ աշխարհագրություն: Մասնակցել է մի շարք հանրահայտ շեքսպիրյան փառատոնների: Բազմաթիվ հոդվածները և գրավոր տպավորությունները վկայում են, թե Դրամատիկականը ինչպիսի սեր ու պատկառանք է վայելում ամենուրեք` շնորհիվ իր նոր ու ինքնատիպ բեմական գեղագիտության: Դրամատիկականը վաղուց գտնվում է հայ և օտարազգի լրջամիտ թատերագիտության սևեռուն ուշադրության կենտրոնում, մի զգալի չափով նրանով է կողաչափվում հայոց թատրոնի ներկա վիճակն ու զարգացումն : Այսօր թատրոնը կրում է իր հիմնադրի` Հրաչյա Ղափլանյանի անունը: Այս անվանակոչությունը խորհրդանշանական է` Դրամատիկականը շարունակում է իր լավագույն ավանդույթները և դրանք հարստացնում բեմական նոր հայտնագործումներով: Այն խաղացանկային թատրոն է, նրա բեմում խաղարկվել են հարյուրից ավելի անուն բեմադրություններ, այսօր Դրամատիկականի խաղացանկում կան քսան անուն ներկայացումներ:
Խամաճիկների պետական թատրոն
Yerevan,
Խամաճիկների պետական թատրոնը հիմնադրվել է 1987թ.: Այն երրորդն էր նախկին ԽՍՀՄ տարածքում (Լենինգրադի` այժմյան Ս. Պետերբուրգի ու Թբիլիսիի նույնանման թատրոններից հետո) և առաջինը, որը ներկայացումներ էր տալիս թե՛ մեծահասակ, թե՛ մանուկ հանդիսատեսի համար: Թատրոնը գործում է փոքրիկ բեմում, տիկնիկները ղեկավարվում են վերևից` թելերով: Առաջին ներկայացումը «Երեք խոզուկներն» էր: Սկզբնական հաջողություններից հետո թատրոնի համար դժվար ժամանակներ սկսվեցին թե' գեղարվեստական, թե' ֆինանսական առումով: Արվեստի այս օջախը նոր վերելք ապրեց 2000թ.: Տեղի ունեցավ ստեղծագործական ուժերի նոր հոսք, խաղացանկը հարստացավ նոր ու հաջողված ներկայացումներով` «Աշխարհի արարումը», «Հույսի աստղ», «Իսկական ընկերը», «Քաջ աքլորիկը», «Մկների ժողով», Վ. Սարոյանի «Դուք մտնում եք աշխարհ», Սերվանտեսի «Մարդը Լա Մանշից» երաժշտական ներկայացումը (բեմադրությունը` Արմեն Էլբակյանի): Վերջինս ճանաչվեց 2005-2006թթ. լավագույն ներկայացում և արժանացավ «Արտավազդ» մրցանակի: Թատրոնի տնօրենն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանը, գլխավոր ռեժիսորը` ՀՀ արվեստի վաստակավոր արտիստ Աննա Էլբակյանը:
Երգի պետական թատրոն
Yerevan,
Հիմնադրվել է 1994 թվականի ապրիլի 1-ին, Երևանում՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի վերակազմավորման արդյունքում։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը, ով մինչ այդ Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն էր։ 1995 թվականից Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական կազմը համալրվել է մի շարք արտիստներով, ովքեր իրենց երաժշտական գործունեությունն սկսել են հենց թատրոնից. նրանցից են՝ Վարդուհի Վարդանյանը, Ալլա Լևոնյանը, Զարուհի Բաբայանը, Իրինա Մալխասյանը, Անդրեն, Հասմիկ Կարապետյանը, Արսեն Սաֆարյանը, Տիգրան Պետրոսյանը, Նանե պարախումբը, Արսեն Գրիգորյանը, Աննա Խաչատրյանը, Քրիստինե Պեպելյանը, Լիանան, Արման Աղաջանյանը, Արամ Ավագյանը, Արա Մարտիրոսյանը, Ինգա և Անուշ Արշակյանները, Ռազմիկ Ամյանը, Էրիկ Կարապետյանը, Սոֆի Մխեյանը, Վարդան Բադալյանը, Հայկոն, Նարեկ Բավեյանը և այլք։ Որպես հաղորդավար թատրոնում են սկսել իրենց գործունեությունը Արթուր Բախտամյանը, Ֆելիքս Խաչատրյանը, Ավետ Բարսեղյանը և ուրիշներ։ Թատրոնի արտիստական կազմը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, Ավստրալիայում, Իրանում և այլուր, բարեգործական համերգներով ելույթներ է ունեցել Հայաստանի մանկատների, հաշմանդամ երեխաների համար։
Կ. Ստանիսլավսկու անվ. դրամատիկական թատրոն
Yerevan,
Արդեն ավելի քան 80 տարի Հայաստանի մայրաքաղաքում գործում է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանակիր Կ.Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը: Այն հիմնադրվել է 1937թ.-ին` Հայաստանի ՍՍՀ կառավարության հատուկ որոշումով: Դա մեծ իրադարձություն էր հանրապետության մշակութային կյանքում: Նույն թվականի նոյեմբերին թատրոնը բացվեց Բ. Տուրի և Լ. Շեյնինի «Առերես» ներկայացումով, որը բեմադրել էր Վավիկ Վարդանյանը: Թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարը դարձավ Լևոն Քալանթարը: Նորաստեղծ թատրոն հրավիրվել էին ռուսալեզու դերասաններ ՍՍՀՄ տարբեր քաղաքներից, որոնց համար Հայաստանը դարձավ երկրորդ հայրենիքը: 1938 թվականին թատրոնին շնորհվեց մեծն Ստանիսլավսկու անունը: Բազմաթիվ երևանցիների համար թատրոնը դարձավ իրենց հոգևոր կյանքի մասնիկը, իրենց կենսագրության մասնիկը: Մեզ, թատրոնի այսօրվա աշխատողներիս համար, ուրախալի է գիտակցել, որ ռուսական թատրոնի պատմությունը սերտորեն կապված է Հայաստանի սոցիալական, քաղաքական և մշակութային կյանքի հետ: Մեզ համար թանկ է հիշողությունը, որ թատրոնի կայացմանն իրենց մեծ ներդրումը ունեն հայ թատրոնի անվանի գործիչները, ժողովրդական արտիստներ` Լ.Քալանթարը, Վ. Աճեմյանը, Ա.Գուլակյանը, Ա. Բուրջալյանը: Նորաստեղծ թատրոնի համար մեծ նշանակություն ուներ հայ բեմի վարպետների` Վ.Փափազյանի,Վ.Աճեմյանի, Հ. Ներսեսյանի, Վ.Վաղարշյանի,Ա. Ոսկանյանի, Հասմիկի, Դ. Մալյանի, Գ. Ջանիբեկյանի, Ա. Ասրյանի բարեկամությունն ու աջակցությունը, որոնք քաջ գիտակցում էին` որքան կարևոր է Հայաստանի համար ռուսական թատրոնի գործունեությունը: Ռուս /սովետական/ ռեժիսորական արվեստի ներկայացուցիչները, ժողովրդական արտիստներ` Ա. Ռիդալը, Բ.Ֆիլիպովը, Պ.Լուկերը, Յա. Կրասնոպոլսկին և ոչ միայն բարձրացնում էին կոլեկտիվի գեղագիտական ճաշակն ու թատերական մշակույթի մակարդակը: Հայ նկարիչների` Ա. Չիլինգարյանի, Ս. Արուտչյանի, Կ. Մինասյանի պրոֆեսիոնալիզմը բարձրացնում էին ներկայացումների բեմանկարչական մակարդակը: Բազմաթիվ տաղանդավոր կոմպոզիտորներ աշխատում էին մեր ներկայացումների երաժշտական ձևավորման վրա, սակայն պետք է նշել կոմպոզիտոր Մ. Վարդազարյանի անգնահատելի ներդրումը:
Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
Yerevan,
Երևանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հիմնադրվել է 1941 թվականի դեկտեմբերի 23-ին Վ. Վալենտինովի «Հրե քրմուհի» օպերետի բեմադրությամբ, պաշտոնապես բացվել է 1942 թվականի հունիսի 22-ին Ռուդոլֆ Նելսոնի «Թագավորը զվարճանում է» օպերետով։ Անդրադառնալով հայ իրականության մեջ երաժշտական կոմեդիայի ժանրի ակունքներին, հարկ է նշել, որ 19-րդ դարի երկրորդ կեսին Չուխաջյանի, թատերական գործիչներ Հ. Վարդովյանի, ապա Արիստակեսյանի ղեկավարությամբ 1860-70-ականներին Կոստանդնուպոլսում սկսում են գործել երաժշտական թատերական կոլեկտիվներ, որոնց խաղացանկը հիմնականում բաղկացած էր եվրոպական օպերետներից: 1867թ. Չուխաջյանը ստեղծում է «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» («Կարինե») օպերետը, որն անմիջապես լայն ճանաչում է գտնում: Խորհրդային տարիներին Դոնի Ռոստովում ստեղծվում է հայ առաջին պրոֆեսիոնալ օպերետային թատրոնը (1922թ.), խմբի կազմում են եղել հետագայում Երևանի օպերետի թատրոնի աստղերը՝ Իզաբելա և Հայկ Դանզասները, Աննա Ղումաշյանը, Նվարդ Ալիխանյանը, Ելենա Վանշիրը, բոլորին չես թվարկի: Իսկ այդ թատերախումբը գործել է մինչև 1936թ.: Ընդ որում, այդ թատրոնի կոնցերտմայստերն էր հետագայում նշանավոր կոմպոզիտոր Արտեմի Այվազյանը: Թատրոնի սկզբնական խաղացանկը, բնականաբար, կազմված էր դասական հեղինակների` Շտրաուսի, Կալմանի, Միլլեկերի, Ֆրիմըլի, Դունաևսկու, Լեպինի և այլ կոմպոզիտորների գործերից: Ազգայինի պահանջը հետզհետե ավելի ու ավելի էր զգացվում, անհետաձգելի պահանջ էր դառնում հայկական օպերետների ստեղծումը: Խաղացանկում տեղ են գտնում Տիգրան Չուխաջյանի, Արտեմի Այվազյանի հայտնի օպերետները, այնուհետև թատրոնի համար հատուկ գործեր են գրում Վարդան Տիգրանյանը, Վաղարշակ Կոտոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Գրիգոր Եղիազարյանը և ուրիշներ: Երաժշտական կոմեդիայի թատրոնում աշխատել և բեմադրությունների են հրավիրել ոչ միայն հայ ռեժիսորները` Լևոն Քալանթար, Արմեն Գուլակյան, Տիգրան Շամիրխանյան, Վարդան Աճեմյան, Հովհաննես Կարապետյան, Տաճատ Վարդազարյան, Հրաչյա Ղափլանյան, Մանյա Ասլանյան, Վավիկ Վարդանյան, ալև հետաքրքիր բեմադրություններ են արել Ֆիլիպովը (Երևան), Պոպովը (Բուղարիա), Ալեգրովը (Մոսկվա), Խաչատրյանը (Ուկրաինա), Գամրեկելի (Թբիլիսի) և ուրիշներ:
Բոհեմ թատրոն
Yerevan,
Հիմնադրվել է 2016 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Նարեկ Դուրյանի գլխավորությամբ։ Գտնվում է Երևան քաղաքում՝ Բաղրամյան 3 հասցեում, Հայաստանի Գրողների միության շենքում։ Թատրոնի պրոդյուսերն է Քրիստինա Հովհաննիսյանը։
Գ. Սունդուկյանի անվ․ ազգային ակադեմիական թատրոն
Yerevan,
Պետական կարգավիճակ ունեցող հայկական առաջին թատրոնը հիմնադրվել է Երևանում 1921 թվականի օգոստոսի 16-ին և հենց այդպես էլ կոչվել է՝ ԱՌԱՋԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ: Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1922 թվի հունվարի 25-ին Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» ներկայացմամբ (բեմադրիչ՝ Իսահակ Ալիխանյան): Թատրոնի առաջին վարագույրի վրա պատկերված է եղել մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի «ՀԱՅԱՍՏԱՆ» կտավը, որ տասը տարի վարագույր ծառայելուց հետո դարձել է մեծանկար և այժմ զարդարում է թատրոնի հիմնական ճեմասրահը: Առաջին պետական թատրոնի կազմավորման գործում ծանրակշիռ ներդրում են ունեցել հայտնի քաղաքական գործիչներ՝ Ստեփան Շահումյանը, Պողոս Մակինցյանը, Ասքանազ Մռավյանը, թատրոնի առաջին տնօրեն՝ Մամիկոն Գևորգյանը, առաջին գեղարվեստական ղեկավար՝ Լևոն Քալանթարը և այլոք: 1937 թվականին թատրոնը վերանվանվում է Գաբրիել Սունդուկյանի անունով: Հիմնադրումից մինչև 1938 թվականը թատրոնն իր գործունեությունն իրականացրել է ներկայիս Հանրապետության Հրապարակի վրա գտնվող հիմնական շենքերից մեկում, ապա տեղափոխվում է նոր շենք: 1960 թվականին թատրոնը դառնում ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ: 1962 թվականին այրվում է թատրոնի շենքը: Այն վերակառուցվում է նույն վայրում և վերաբացվում 1966 թվականի մարտի 5-ին դարձյալ Սունդուկյանի «Պեպո» ներկայացմամբ (բեմադրիչ՝ Վարդան Աճեմյան): ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ տարածաշրջանի ամենամեծ և բոլոր չափորոշիչներին համապատասխանող դրամատիկական թատրոններից մեկն է: Այն միշտ ունեցել և ունի հարուստ և բազմաբևեռ խաղացանկ, շուրջ 60 հոգուց բաղկացած ստեղծագործական կազմ:
Պատանի հանդիսատեսի թատրոն
Yerevan,
Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնը բացվել է 1929 թվականի նոյեմբերի 29-ին Տիգրան Շամիրխանյանի գլխավորությամբ՝ Ս. Շչերբակովի և Գ. Սմիրնովի «Պայթյուն» պիեսի բեմադրությամբ։ Առաջին ներկայացումների հեղինակներն են եղել Արմեն Գուլակյանը և Տիգրան Շամիրխանյանը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ Առաջին թատերաշրջանի ընթացքում թատրոնը բեմադրում է 70 ներկայացում։ 1958 թվականին թատրոնը մասնակցում է Մոսկվայում կազմակերպված փառատոններից մեկին և արժանանում մրցանակի։ 1961 և 1968 թվականներին Երևանում և Բաքվում կրկին մասնակցում է փառատոնների և հաջողություն ունենում։ 1980 թվականին թատրոնը ստանում է կառավարական պարգև, երբ նշվում էր թատրոնի 50-ամյակը։ 1980-1984 և 1986-1988 թվականներին թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվում Երվանդ Ղազանչյանը, իսկ 1997 թվականին՝ Հակոբ Ղազանչյանը 2017 թվականին թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակվեց Դավիթ Հարությունյանը, իսկ 2018 թվականին տնօրեն Հայկ Խերանյանին փոխարինեց Էմին Թորոսյանը:
Ս. Սարգսյանի անվ. Համազգային պետական թատրոն
Yerevan,
ՀԻՄՆԱԴԻՐ 1991թ. ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը հիմնադրեց Համազգային թատրոնը։ Հայաստանի համար այդ դժվարին տարիներին նա ջանք ու եռանդ չխնայեց, որպեսզի ապահովի թատրոնի կայացման դժվարին աշխատանքը։ Բեմադրվեցին ներկայացումներ, որոնք հանդիսատեսը ջերմորեն ընդունեց և մեծապես սիրեց։ Թատրոնի առաջին ներկայացումների թվում էին՝ «Սանիտայի թաղապետը», «Լեռնային կակաչներ», «Մենք», «Մի գավաթ բարություն», «Օսկար», «Լիր արքա» և այլն։ Սոս Սարգսյանը ներդրեց իր ստեղծագործական ողջ ներուժը թատրոնի զարգացման համար, նոր հաջողությունների հասնելու համար։ Իր պաշտոնավարման ընթացքում Սոս Սարգսյանը նպաստեց, որ Համազգային թատրոնը լինի հեղինակավոր և արժեքներ ստեղծող, դերասանամետ թատրոն։ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Թատրոնի հիմնադրման, ճանաչման և զարգացման գործում մեծ ավանդ ունեն Մայիս Կարագյոզյանը, Շահում Ղազարյանը, Հրաչյա Գասպարյանը, Կարեն Ջանիբեկյանը, Գալյա Նովենցը, Դավիթ Հակոբյանը, Կարինե Ջանջուղազյանը և ուրիշներ: 2000թ. թատերախումբ մտան տաղանդավոր երիտասարդ դերասաններ։ 2003թ. թատրոնը ստացավ պետական կարգավիճակ, իսկ 2015թ. վերանվանվեց հիմնադրի անունով՝ կոչվելով Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն։ Համազգային թատրոնի գործունեության առաքելությունն է՝ դարձնել հայկական թատրոնը միջազգային մեծ հնչեղություն ունեցող թատրոն, որը հուզում է, ոգեշնչում, թևեր տալիս բոլորին։ Համազգային թատրոնի կարևորագույն արժեքներն են՝ հայկական արժեքների պահպանումն ու տարածումը և նորարարությունը։ ՆՊԱՏԱԿՆԵՐ Համազգային թատրոնի գործունեության նպատակներն են՝ -կատարելագործելով հայկական դերասանական դպրոցն՝ ինտեգրվել համաշխարհային թատերական կյանքին, -կյանքի կոչել թատրոնի բազմաժանր խաղացանկային քաղաքականությունը՝ ինքնադրսևորման հնարավորություն ընձեռելով ժամանակակից հեղինակներին, -երիտասարդ ուժերի եռանդն ուղղել հայաստանյան թատերական կյանքը թարմացնելու և ակտիվացնելու գործին։
Թատրոն տանիքում
Yerevan,
«Թատրոն Տանիքում»–ը առաջին այլընտրանքային թատրոնն է Հայաստանում, որի ներկայացումները տեղի են ունենում բաց տանիքում, ուղեկցվում են թեմատիկ համերգային ծրագրով և գինու հյուրասիրությամբ: Մենք ցանկանում ենք դառնալ Հայաստանի մշակութային տուրիզմի անկյունաքարերից մեկը։
ԵԹԿՊԻ ուսումնական թատրոն
Yerevan,
Ինստիտուտի երեկը Խորհրդային շրջանում ծագեց դերասանների և ռեժիսորների առավել հիմնարար կրթության անհրաժեշտություն։ 1944 թվականին Երևանում բացվեց պետական թատերական ինստիտուտը՝ դերասանական, ռեժիսորական և թատերագիտական բաժիններով։ Այս իրադարձությամբ Հայաստանի թատերական կյանքում սկսվեց նոր դարաշրջան։ Ինստիտուտի տնօրեն է նշանակվում արվեստի վաստակավոր գործիչ, ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Վավիկ Վարդանյանը։ Ուսումնագիտական գծով տեղակալ է նշանակվում թատերական ուսումնարանի նախկին տնօրեն Սուրեն Դանիելյանը։ Ինստիտուտում կազմակերպվում են ռեժիսորական, դերասանական և թատերագիտական առանձին դեկանատներ։ Դերասանական ֆակուլտետի դեկան է նշանակվում դերասան Մուրադ Կոստանյանը, ռեժիսորականում՝ դերասան Գուրգեն Գաբրիելյանը, իսկ թատերագիտական ֆակուլտետում՝ Սարգիս Մելիքսեթյանը։ Ստեղծվում են նաև դերասանի վարպետության և ռեժիսուրայի, մաքսիզմ-լենինիզմի, թատրոնի և արվեստի պատմության, ռազմական պատրաստության, իսկ հաջորդ ուսումնական տարում՝ բեմական շարժման և լեզվի ու գրականության ամբիոններ։ Նոր փուլ 1998 թվականից Երևանի թատերական արվեստի ինստիտուտը ղեկավարել է նշանավոր մտավորական, կինոյի և թատրոնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը։ Նրա անվան հետ է կապված թատերական ինստիտուտի կենսագործունեության նոր փուլը։ Առաջին հերթին նոր ասպարեզում իր գործունեությունը վարպետն սկսեց ինստիտուտի հիմնարար վերանորոգումից։ Ստեղծվեցին բոլոր պայմանները բնականոն ուսումնաստեղծագործական աշխատանքների համար։ Ամբողջովին վերանարոգվեց և վերափոխվեց ուսանողական թատրոնը։ Ինստիտուտի այսօրը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն ունի երեք ֆակուլտետ՝ Թատրոնի, Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի, Արվեստի պատմության, տեսության և կառավարման։ Ինստիտուտն ունի մասնաճյուղեր Լոռու մարզկենտրոն Վանաձոր և Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքներում։ Բուհում ուսումնական գործընթացները կազմակերպվում են մասնագիտացված և հոսքային լսարաններում, արվեստանոցներում, դահլիճներում, կինոսրահներում, տաղավարներում: Ինստիտուտն ունի մասնագիտական հարուստ գրադարան, ֆիլմադարան։ Մասնագիտական գրականությունը պարբերաբար համալրվում է արտաքին և տեղական գործընկերների հետ համագործակցության արդյունքում։ Բուհն ունի գործընկերներ աշխարհի տարբեր մասերում։
Մ․ Մկրտչյանի անվ․ արտիստական թատրոն
Yerevan,
1986թ ՍՍՀՄ Ժող. Արտիստ Մհեր Մկրտչյանի ջանքերով ստեղծվեց Երևանի քաղաքապետաևանի <<Վ. Աճեմյան>>-ի անվան արտիստական թատրոնը: Թատրոնի բացումը կայացավ Մ. Մկրտչյանի բեմադրած Մ. Պանյոլի <<Հացթուխի կինը>> ներկայացմամբ, որի գլխավոր հերոսի՝ Էմանլե Քաստանիեյի դերը մարմնավորեց մեծանուն արտիստը և այն դարձավ նրա <Կարապի երգը>: 1992թ.-ին Մհեր Մկրտչյանը ձեռնարկել էր Լ. Շանթի <Կայսրը> պիեսի բեմադրությունը, սակայն 1993թ.-ին մեծանուն արտիստը՝ ժողովրդի սիրելին կնքեց իր մահկանացուն և բեմադրությունը անավարտ մնաց: Արտիստի մահից հետո թատրոնը վերանվանվեց նրա անունով (Երևանի քաղաքապետարան <<Մհեր Մկրտչյանի>> արտիստական թատրոն): 1994թ.-ին թատրոնում ռեժիսոր՝ Ա. Էլբակյանը բեմադրեց Թ. Ուիլյամսի <<Ապակե գազանանոց>> պիեսը: Հետագայում դադարեց թատրոնի գործունեությունը: 2000թ.-ին թատրոնը նորովի կազմավորելու, վերականգնելու համար՝ վորպես տնօրեն և գեղ. Ղեկավար հրավիրվեց ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանը, ում ջանքերով թատրոնի խարխլված շենքը մտցվեց մշակութային օջախների վերանորոգման << Լինսի>> ծրագրի մեջ: Նոր դերասանական և տեխնիկական աշխատակազմով, 2004թ.-ի հունիսի 12-ին թատրոնն իր հյուրընկալ դռները բացեց հանդիսատեսի առաջ Գ.Գ Մարկեսի <<Սիրային նախատինք բազկաթոռին նստած ամուսնուն>> պիեսի բեմադրությամբ: Այսօր, վերածնված թատրոնի երիտասարդ սեղծագործական կազմը, շարունակում է հայ թատրոնի երախտավոր ՝ Մհեր Մկրտչյանի արվեստի ավանդույթները:
Բաբելոն թատրոն
Yerevan,
«Բաբելոնը» ոչ սովորական, ստանդարտներից դուրս թատրոն է, որտեղ հանդիսատեսը այնպիսի միջավայրում է հայտնվում, որ անմիջական գործողությունների մասնակից է դառնում արտիստների հետ, անգամ միասին գինի կարող են խմել։
Միմոս խամաճիկների թատրոն
Yerevan,
Տիկնիկային ներկայացումներ 0-100 տարեկան երեխաների համար:
Գյումրու պետական դրամատիկական թատրոն
Gyumri,
Թատրոնը մարդկային թանձրացած հույզերի ու զգացմունքների անշոշափելի մի էություն է, որտեղ ներս մտնողն ու նրան հաղորդակցվողը մաքրագործում է հոգին։ Նրանից ճառագող լույսը վսեմացնում է մարդուն, բարձրացնում մինչև կատարելուն և հիշեցնում նրան, թե ով է մարդը բնության մեջ։ Բարձրաճաշակություն, տոնակատարություն և մարդաճանաչում՝ ահա այն երեք հիմնական հենասյունները, որը 21-րդ դարում կանգուն է պահում թատրոն երևույթը։ Այսօր, իր գոյության դար ու կեսը բոլորած, Գյումրու դրամատիկականը կիրառելով տեղեկատվական տեխնոլոգիական միջոցները, իր գործունեությունը հասանելի է դարձնում նաև օնլայն տիրույթում։ Մեզ համար շատ կարևոր է յուրաքանչյուրիդ մեկնաբանությունն ու առաջարկները, մեր որդեգրած գործում, որոնց համակողմանի քննարկման արդյունքում կունենանք նպատակային ծրագրեր: Մեր կայքի միջոցով Դուք առավել ցայտուն կերպով կտեղեկանաք թատրոնում տեղի ունեցող նոր ներկայացումների, նախագծերի և թատրոնին վերաբերող իրադարձությունների մասին: Ինչպես նաև կծանոթանաք թատրոնի 158-ամյա տարեգրությանը, ներկա ստղծագործական կազմին, խաղացանկում առկա ներկայացումներին, և որ ամենակարևորն է հնարավորություն կունենաք ամրագրել առաջիկա ներկայացումների տոմսերը։ Ձեր ակտիվ քննարկումների, անաչառ գնահատականների և հետաքրքիր առաջարկությունների շնորհիվ առավել կակտիվանա մեր գեղարվեստաստեղծագործական ընթացքը, որի արդյունքում կունենանք ժամանակի հետ համընթաց քայլող թատրոն: Համոզված եմ, որ մեր համատեղ կապը կտա սպասված արդյունքը, ինչի շնորհիվ մեր և Ձեր սիրելի թատրոնը կկարողանա նվաճել նորանոր բարձունքներ և Գյումրու դրամատիկականը կունենա իր արժանի տեղը թատերական երկնակամարում:
Մետրո թատրոն
Yerevan,
«Մետրո» թատրոնը հիմնադրվել է 1992թ.: Հիմնադիրը Հենրիկ Իգիթյանն է, առաջին տնօրենը` Վիգեն Ստեփանյանը, գեղարվեստական ղեկավարը` Նիկոլայ Ծատուրյանը: Թատրոնի խաղացանկում ընդգրկված են ներկայացումներ և՛ մեծերի, և՛ մանուկների համար: Ուրախ, լի երաժշտությամբ, զգացմունքային կատարումներով ներկայացումները ջերմորեն ընդունվում են հանդիսատեսի կողմից: Ստուդիան մասնակցում է թատերական տարբեր փառատոնների, բեմականացված համերգների, հեռուստանախագծերի: Թատրոնի պատմության ընթացքում բեմադրված ներկայացումներն են՝ Պանիլովի «Թոփազը», Քոչարյանի «Հյուրը», Կալինովսկու «Կենդանիները լուսնի վրա», Մոնյերի «Փարիզը վտանգավոր քաղաք է», Կոնստանտինովի «Դիոգենեսը», Սարտրի «Ժամանակն է հավաքել քարերը», ինչպես նաև «Շաշաստան»՝ ըստ Թումանյանի հեքիաթների և այլն:
Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոն
Vanadzor,
1931թ. հունվարի 28-ին Գուգարաց աշխարհում տոն էր: Յանովսկու «Ցասումը» ներկայացմամբ բացվեց Ղարաքիլիսայի պետական դրամատիկական թատրոնը: Խմբի կազմում էին Արուս Խուդանյանը, Գեղամ Նալբանդյանը, Ադրիկ Սարգսյանը, Աշոտ Գևորգյանը, շատ շուտով նրանց միացան Ալեքսանդր Շագաֆյանը, Աղավնի Հովհաննիսյանը, Անահիտ և Մաթևոս Սանամյանները, Օնիկ Վարդանյանը, Մարուսյա Խառատյանը, Ջերջիզ Ժամհարյանը: Նրանց ստեղծած բարձրարվեստ ներկայացումները հետագայում մնացին թատրոնի պատմության մեջ: Հայ բեմի մեծ արտիստ Հովհաննես Աբելյանի հաճախակի հյուրախաղերը Օթելլոյի, Կորրադոյի, Գիժ Դանիելի, Էլիզբարյանի, Սվենգալիի դերակատարումներով վարպետության հրաշալի դպրոց էին նորաստեղծ խմբի համար: Նկատի ունենալով արտիստի նվիրումն ու ծառայությունները Լոռվա թատերարվեստի զարգացման գործում՝ 1936 թ.- ից թատրոնը կոչվեց Հովհաննես Աբելյանի անունով: 1950-ական և 60-ական թվականներին թատրոնի էջերը հարստացան Վ. Շեքսպիրի «Ձմեռային հեքիաթ», Օնորե դը Բալզակի «Խորթ մայր», Կ. Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ», Պ. Կոգոուտի «Այդպիսի սեր», Լոպե դե Վեգայի «Սևիլյայի աստղը», Ժան Անույի «Անտիգոնե» ներկայացումներով՝ բեմադրիչներ Հովհաննես Կարապետյանի, Սոկրատ Աքմաքչյանի, դերասաններ Արեգ Հարությունյանի, Արշավիր Վաչյանի, Հասմիկ Նաղաշյանի, Գառնիկ Կարապետյանի, Լևոն Սարգսյանի բարձրարվեստ ձեռքբերումների շնորհիվ: Հետագայում ժողովրդական արտիստներ Վոլոդյա Գրիգորյանը և Լենա Փաշինյանը դարձան թատերախմբի առաջատարները և նպաստեցին թատրոնի բարձրարվեստ առաջընթացին: 20-րդ դարի 80-ականներին հայկական թատերարվեստն արտերկրում /Մոսկվա, Թբիլիսի, Բելառուս, Ուկրաինա, Լիտվա, Լատվիա, Լիսաբոն, Փարիզ, Ստրասբուրգ, Քիշնև/, ներկայացնում էր հենց կիրովականյան թատրոնը։ Այդ աննախադեպ հաջողությունն իրողություն դարձավ Վահե Շահվերդյան բեմադրիչի կողմից թատրոնում արմատավորված նոր մտածողության, գեղագիտական նոր սկզբունքների շնորհիվ։ Վ. Շեքսպիրի «Ռիչարդ Երկրորդ» և «Արքա Լիր», Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես», Ա. Չեխովի «Երեք քույր», Ա. Օստրովսկու «Անմեղ մեղավորները», Ալ. Շիրվանզադեի «Քաոս», «Չար ոգի», Մուրացանի «Ռուզան» և այլ բեմադրություններ դարձան միջազգային և հանրապետական թատերական փառատոների մրցանակակիրներ: Դժվարին, բայց հաղթական ճանապարհ են անցել աբելյանցիները. վառ վկայություններից է նաև թատրոնի ներկայիս խաղացանկը, որը հարուստ է համաշխարհային և ազգային դրամատուրգիայի գլուխգործոցներով։ Այսօր երեք սերնդի համաժամանակյա շնչառությամբ, նոր նշանակալից բեմադրություններով է հարստանում աբելյանցիների տարեգրությունը՝ ՀՀ ժողովրդական արտիստներ Հակոբ Ազիզյանի, Ռոզա Մխիթարյանի, վաստակավոր արտիստներ Հասմիկ Ալեքսանյանի, Էլինե Աղամյանի, Մայիս Սարգսյանի, Հայկ Թորոսյանի, Վրույր Հարությունյանի, Ալլա Հովհաննիսյանի, Սոֆա Սողոմոնյանի, միջին և երիտասարդ սերնդի դերասաններ Ալլա Դարբինյանի, Արմինե Վերմիշյանի, Էդգար Քոչարյանի, Էլֆիք Զոհրաբյանի բեմական հարուստ կենսագրության և ստեղծագործական նվաճումների շնորհիվ: Իրավամբ, Աբելյանի անվան արդեն 90-ամյա դրամատիկական թատրոնը կարող է հպարտանալ ինչպես անցյալի իր ձեռքբերումներով, այնպես էլ ներկայով, կարող է հպարտանալ իր հավատարիմ հանդիսատեսով և գլուխը բարձր քայլել դեպի հարյուրամյա հեռուն, դեպի մշակութային նոր նվաճումներ...
Ագուլիս տիկնիկային թատրոն-ստուդիա
Yerevan,
Թատրոն-ստուդիան 1988 թվականին հիմնադրել է Երվանդ Մանարյանը։ Առաջին բեմադրությունն եղել է «Վայ, ագահ, վայ» («Ագահ փայտահատը») ներկայացումը (ռեժիսոր` Երվանդ Մանարյան)։ Հետագայում խաղացանկը համալրել են «Պոչատ աղվեսը» և «Երեք խոզուկները», տասնյակից ավելի մանկական ներկայացումներ։ Ձմռանը՝ Նոր տարվա տոներին, բեմադրվում են տոնական ներկայացումներ։ Ագուլիս տիկնիկային թատրոնի բոլոր ներկայացումների անմիջական մասնակիցը հենց հանդիսատես երեխաներն են։ Երեխաներն արտասանում, երգում են, որպեսզի ներկայացումը սկսվի, կանչում են Մանչուկին, պատասխանում տիկնիկների հարցերին, օգնում նրանց «դժվար պահերին»[2]։ Չգիտեմ նման այլ թատրոն, միայն սեփական ուժերին ապավինող։ «Ագուլիսն» ինքն է եղել իր գլխի տերը, առանց աջակցության։ Եվ միշտ էժան տոմսեր է վաճառել, որպեսզի բոլորը կարողանան գալ և ներկայացումներ դիտել. սա Երվանդ Մանարյանի մոտեցումն է։ - Քրիստ Մանարյան 2017 թվականին ՀՀ կառավարությունն «Ագուլիս» մանկական տիկնիկային թատրոնի գործունեությունն իրականացնելու նպատակով թատրոնին տարածք է հատկացրել Երևանի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան փողոցում։
Է. Էլբակյան անվան թատրոն
Yerevan,
Էդգար Էլբակյանի անվան դրամայի և կոմեդիայի թատրոնը հիմնադրվել է 1993 թվականի դեկտեմբերին։ Թատրոնի հիմնադիրն է Արմեն Էլբակյանը, ով թատրոնը կոչել է իր հոր՝ ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Էդգար Էլբակյանի անունով։ Թատրոնը կազմվել է տարբեր սերունդների դերասաններից։ Թատրոնի առաջին ներկայացումը եղել է Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» պիեսը։
Իրական հոգեբանական թատրոն
Yerevan,
2008 թվականից Սարգիս Արզումանյանը գաղափար է ունեցել ստեղծել թատրոն: Քանի որ թատրոնի հիմնադիրը համաձայն չի եղել այսօրվա Հայ «թատրոնի» կրկնօրինակ և տհաճ ներկայացումներին, այդ պատճառով 2008-2010թթ հանդիսատեսի հետ փորձաշրջան է սկսում նոր թատրոն ստեղծելու նպատակով և սկսում է բեմադրել հետևյալ ներկայացումները` Ալեքսանդր Վամպիլովի «Քսան րոպե հրեշտակի հետ», Կլեռ Լեժիոնի «Կործանում կամ Արիադնա և Դոն Ժուան», եզակի ստեղծագործություն հատուկ նոր թատրոն ստեղծելու համար՝ Հայկ Զաքարյանի «ԵՍ» հանգավոր խրատափիլիսոփայական մոնո-իմպրովիզացիա ներկայացումը, և վերջում Ալբեր Քամյուի «Կալիգուլա» ներկայացումը, որով էլ եզրափակվում է փորձաշրջանը: Փորձաշրջանից եզրահանգման գալով, առանց երկմտանքի ՝ վստահորեն 2010թ. սեպտեմբերի 7-ին հիմնադրում է ժամանակակից գեղագիտության ընկալմանը համահնչյուն թատրոն, որն էլ անվանվեց «ԻՐԱԿԱՆ» թատրոն: Եվ արդեն սկսվեց թատրոնի բուռն ստեղծագործական ծրագրերը, որը հետո, ըստ թատրոնի հիմնադրի, պետք է դառնա արժեք: Այդ ամենն ավելի ամրապնդելու համար 2010թ. բեմադրվում է Ժան Կոկտոյի «Ձայն մարդկային» մոնոպիեսը, որը, սակայն, չի բեմադրվում որպես մոնո ներկայացում, այլ «ԻՐԱԿԱՆ» թատրոնի սկզբունքներից ելնելով՝ կոտրվում է այդ կարծրատիպը և բեմադրվում չորս հոգով: Այս ներկայացումը 2011թ.-ին լայն արձագանք է ունենում «X» հանրապետական թատերական փառատոնում, որի ժամանակ առաջացնում է «ՇՏԱՄՊԱՎՈՐՎԱԾ» թատերագետների վրդովմունքը: Նրանց կարծիքով Ժան Կոկտոյի «Ձայն մարդկային» մոնոպիեսը չէր կարելի բեմադրել այլ կերպ, քանի որ Կոկտոն այն գրել է մեկ հոգու համար: Բայց ռեժիսորը քննարկումների ժամանակ ապացուցում է իր ստեղծագործության ճշգրտությունը և «հաղթում» նրանց: Այդ նույն տարում «ԻՐԱԿԱՆ» թատրոնն այնքան ստեղծագործական մթնոլորտով է լցված լինում, որ այդտեղից ծնվում է ևս մեկ ներկայացում՝ Սիլվիան Դպյուիի «Երկրորդ անկումը» և Արթուր Էդարի «Հոգեվերլուծություն և Հոգեբանություն» պիեսների միաձուլումից «Անկում»-ը , որտեղ արծարծվում էր ժամանակակից հայ թատրոնի «անկման» խնդիրը: «ԻՐԱԿԱՆ» թատրոնը, հավատարիմ մնալով հոգեբանական ռեալիզմին, փորձում է ներթափանցել հասարակության ՀՈԳՈՒ մեջ և այնտեղ թողնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է տվյալ անձին: 2012 թվականին «ԻՐԱԿԱՆ» թատրոնը վերանվանվում է, որպես ԻՐԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ:
Հ. Մալյանի անվ․ կինոդերասանի թատրոն
Yerevan,
Թատրոնի հիմնադիրն ու առաջին գեղարվեստական ղեկավարը եղել է Հենրիկ Մալյանը։ Առաջինը բեմականացվել է «Իմ հայրենիքի խրատական հեքիաթները», որի ռեժիսորը Մալյանն էր։ 1988 թվականից թատրոնը կրում է Հենրիկ Մալյանի անունը։ Թատերախումբը հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, բարեգործական բազմաթիվ ներկայացումներ է խաղացել Երևանում, Գյումրիում, Արցախում, Ադլերում, Փարիզում, հյուրախաղերով հանդես է եկել Լատվիայում, Էստոնիայում, Ադրբեջանում, Բուլղարիայում, Սիրիայում, Լիբանանում, Ֆրանսիայում, Կանադայում։ Թատրոնը մասնակցել է մի շարք միջազգային թատերական փառատոների. Թատրոնը ներկայումս ղեկավարում է Մալյանի դուստրը՝ Նարինե Մալյանը։
Մնջախաղի պետական թատրոն
Yerevan,
Մնջախաղի ավանդույթը Հայաստանում դարերի պատմություն ունի: Ե՛Վ գրավոր աղբյուրներում, և՛ ձեռագիր մատյաններում կարելի է հանդիպել մնջախաղի դերասանների` կատակների, վարձակների, գուսանների, հուշկապարիկների մասին բազմաթիվ վկայությունների: Նոր ժամանակներում մնջախաղի արվեստի վերազարթոնքը մեր իրականության մեջ անշուշտ կապվում է անվանի ծաղրածու-մնջախաղաց Լեոնիդ Ենգիբարյանի անվան հետ: Երևանցիների հիշողության մեջ դեռ թարմ են այս զարմանալի ծաղրածուի մնջախաղային երեկոները` բարություն քարոզող լուսավոր մանրապատումները: Որպես կոլեկտիվ բեմարվեստ մնջախաղի թատրոնի ծննդյան ազդաղողանջը հնչել է 1969 թվականին: Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ուսանող Հենրիկ Պողոսյանը՝ հրապուրվելով մնջախաղի ժանրով ստեղծեց «Տուշպա» թատերախումբը և մանրապատումների ծրագրով 1969 թ. գարնանը դարձավ հանրապետության ուսանողական գարուն փառատոնի դափնեկիր: Թատրոնը գործում էր Հայաստանի Արվեստի Աշխատողների Տանը: Բեմադրվեցին Պ. Սևակի «Անլռելի զանգակատուն», Հ. Պողոսյանի «Շարժիր ժամանակ» և այլ ներկայացումներ:
Փոքր թատրոն
Yerevan,
Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնը Հայաստանի ամենանորարար թատերական ընկերություններից մեկն է: 1997 թվականին, որպես դրամա-ստուդիա այն հիմնադրել է ռեժիսոր Վահան Բադալյանը: Հիմնումից այսօր թատրոնի առաքելությունը նույնն է` ստեղծել յուրօրինակ թատերական ձեռագիր ունեցող բեմադրություններ և հարթակ դառնալ թատերարվեստի ուսումնասիրությամբ հետաքրքրված երիտասարդների համար՝ կրթական-ստեղծագործական ծրագրեր իրականացնելու նպատակով։ Տարիների ընթացքում թատրոնի բեմադրված ներկայացումների առանցքային թեման թատերական ժանրերն ու ոճերը միահյուսելու ձգտումն է՝ ազատորեն անցնելով դրամայից պարի և հատելով առանձին ձևերի ավանդույթների սահմանները: ԳԱԿ Փոքր թատրոնը մի շարք արտասահմանյան թատերական ընկերությունների հետ արդյունավետ համագործակցության հաջողված մեծ փորձ ունի, որը սկիզբ է առնում 2006 թվականից։ Դրանց արդյունքում բեմադրվել են մի շարք համատեղ ներկայացումներ, կազմակերպվել վարպետության դասեր և սեմինարներ։ Ամենահաջողված համագործակցություններից մեկը Իտալիայի «Versiliadanza» մշակութային միության հետ է, որի արդյունքում ստեղծված «7-րդ զգայարանը» (2009թ.) և «SDD-Շեքսպիրի մեռած երազները» (2015թ.) բեմադրությունները ներկայացվել են բազմաթիվ տեղական և միջազգային հեղինակավոր բեմերում, ինչպես նաև կատարողական արվեստի ճանաչված փառատոներում: Երկու ներկայացումներն էլ ջերմորեն ընդունվել են բազմամշակութային հանդիսատեսի և թատերական քննադատների կողմից: ԳԱԿ Փոքր Թատրոնի գործունեության առանցքային քայլերից էր Հայաստանում առաջին ներառական պարային ընկերության հիմնադրումը։ Մասնակիցները հաշմանդամություն ունեցող և չունեցող կատարողներ են, որոնք պարում են կողք կողքի: Ծրագիրն իրականացվել է Բրիտանական խորհրդի և Candoco առաջատար պարային ընկերության (Միացյալ Թագավորություն) հետ համագործակցությամբ՝ 2014թ.-ին: Պարի կոլեկտիվն իր խաղացանկում ունի արդեն հինգ ներկայացում. «Մի լքիր ինձ» (2014), «HIRAETH» (2015), «Զգացողությունների թանգարան», LaVieEnRose / Ուրիշ պարեր (2018), «Գույներ»(2023)։ ԳԱԿ Փոքր թատրոնը մասնակցել է մի շարք հեղինակավոր միջազգային բեմարվեստի փառատոների և արժանացել է բազմաթիվ մրցանակների:
Հրազդանի դրամատիկական թատրոն
Hrazdan,
Հրազդանի դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1953թ-ին։ Թատրոնում խաղացել են այնպիսի դերասաններ ինչպիսիք են Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Մհեր Մկրտչյանը, Արմեն Խոստիկյանը, Կիմ Երիցյանը, Իշխան Ղարիբյանը և այլ տաղանդավոր դերասաններ։
Այրոգի ստվերների թատրոն
Yerevan,
Ստվերների «Այրոգի» թատրոնը 1980-ին Պոլիտեխնիկական ինստիտուտում ստեղծված «Այրուձի» հեծյալ արշավախմբի մաս է շուրջ 35 տարի: 2014-ի վերջից այն հանգրվանել է Երևանի Այգեձորի 53/2 հասցեում գտնվող «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում:
Թատրոն Կայարան
Yerevan,
«ԹԱՏՐՈՆ ԿԱՅԱՐԱՆ» -ը կոլորիտային թատրոն է իր մեջ ներառում է ՝ ժամանակակից ուղղություն, ոճերի և ժանրերի միախառնում, երգի,պարի և երաժշտության սինթեզ, բանավոր գործողություններ, դերասանական և պլաստիկ լուծումներ: Հայրենիքը ճանաչվում է նաև մշակույթով` թատրոնի խնդիրն է,հատկապես ԹԱՏՐՈՆ ԿԱՅԱՐԱՆԻ, բարձրացնել բարոյական,ազգային, քաղաքացիական, հոգևոր գաղափարներն ու արժեքները թատերական արվեստի միջոցով և տարածել հայկական մշակույթը ամբողջ աշխարհում. Խոսել ներկայի, ապագայի , բայց նաև չմոռանալ այն անցյալի մասին որում մենք և մեր նախնիները ապրել ենք: Թատրոնի տնօրեն և պրոդյուսեր՝ Արթուր Պետրոսյան, փոխտնօրեն՝ Անդրանիկ(Անդի) Սողոմոնյան, Բեմադրիչ և գեղարվեստական ղեկավար՝ Կարապետ Քարաջյան ։